Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է Լեհաստանի մի շարք կառավարական կայքերի վրա, հայտնում է Lenta.ru-ն։ Մասնավորապես անհասանելի են դարձել Լեհաստանի խորհրդարանի և վարչապետի կայքերը։Ըստ երևությին այս կիբերհարձակումը կապված է լեհական իշխանությունների պլանավորած քայլերի հետ՝ կնքել համաձայնագիր կեղծիքի դեմ պայքարի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA), որն իր մեջ ներառում է ինտերնետում հեղինակային իրավունքի վերահսկում։
Anonymous-ը այս առիթով վերջերս խոստացավ լայնամասշտաբ հարձակումներ կատարել լեհական իշխանությունների դեմ։
ACTA-ն ենթադրում է ինտերնետ պրովայդերներից նոր պահանջներ։ Վերջիններս պարտավոր են լինելու հայտնել բաժանորդի կողմից հեղինակային իրավունքների խախտման մասին։ Բացի դրանից ենթադրվում է թույլատրել մաքսատան աշխատակիցներին ստուգել ուղևորների համակարգիչները և այլ սարքերը, որտեղ կարող է լինել պիրատային բովանդակություն։
Նշենք, որ վերջերս Anonymous հաքերային խմբավորումը մի շարք հարձակումներ կատարեց Ֆրանսիայի, ԱՄՆ կառավարական կայքերի վրա, ուղղված ընդեմ SOPA օրինագծի։ SOPA-ն մշակվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Սենատը հետաձգել է օրինագծի քվեարկությունը ։ SOPA-ն ACTA-ի պես նույնպես ենթադրում է կոշտ միջոցների կիրառում և իշխանությունների միջամտում հեղինակային իրավունքի խախտում պարունակող ինտերնետային բովանդակության դեմ։
Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։