Այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հեղինակային իրավունքի օրենքի խախտման մեղադրանքով փակեց ֆայլերի ներբեռնման և վերբեռնման խոշոր կայք՝ Megaupload-ը և դատական գործ հարուցեց կայքի հիմնադիրների դեմ, աշխարհի մի շարք նմանտիպ ճանաչված կայքեր հաջորդաբար սկսեցին անջատել ֆայլերի ներբեռնման իրենց ֆունկցիաները։
Երեկ FileSonic.com-ը հայտնեց, որ կայքն այժմ միայն ֆայլերի պահպանման ծառայություն է և անգամ սկսեց ջնջել որոշակի բովանդակություն։ Ինչպես գրում է USA Today-ը, այսօր արդեն FileSonic-ի քայլին են դիմել FileServe և Uploaded ծառայությունները։ Վերջիններս վերացրել են ֆիլմեր, խաղեր և այլ բովանդակություն ներբեռնելու հնարավորությունը։
Ֆայլերի ներբեռնման և վերբեռնման խոշոր ամպային ծառայություններ առաջարկող նման կայքերը երբեք չեն բախվել հեղինակային իրավունքի խախտման խնդրի հետ։
Հասկանալու համար, թե որքան լայն բնույթ է կրում այս խնդիրը վերլուծական ընկերության Palo Alto Network-ի վերլուծաբանները կատարել են ուսումնասիրություն 2011-ի երկրորդ կիսամյակի տվյալներով 1636 ընկերությունների շրջանակում, որտեղ աշխատում է ավելի քան 4 միլիոն աշխատող։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10 ընկերություններից վեցը օգտագործել են Megaupload-ը, ներբեռնելու մեծ չափերի բովանդակություն։ Կորպորատիվ ինտերնետ թրաֆիկի 25%-ը բաժին է ընկել Megaupload-ին, որը մասնագիտացված է ժամանցային բովանդակաության մեջ։ Իսկ 15%-ը բաժին է ընկել MediaFire-ին՝ կրկին ժամանցային ուղղվածությամբ։ Օգտագործվող ծառայություններից էին նաև FileSonic-ը, 4shared-ը և FilesTube-ը։
MediaFire-ի հիմնադիր Դերեկ Լաբիանը խոսելով այս իրադարձությունների մասին նշել է. «Այն, ինչ պատահեց Megaupload-ի հետ, անհանգստացնող է, սակայն MediaFire-ը շարունակելու է իր գործունեությունը»։ Նշենք, որ MediaFire-ն ունի 25 միլիոն գրանցված հաշիվներ (account)։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հունվարի 19-ին հեղինակային իրավունքների խախտման և փողերի լվացման մեղադրանքով փակել տվեցին MegaUpload ֆայլերի ներբեռնման և վերբեռնման հոսթինգ ծառայությունը, ձերբակալեցին հիմնադիրներին։ Ըստ նրանց, MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 600 միլիոն դոլարի վնաս։
Anonymous հաքերային խմբավորումը վրեժխնդիր լինելու Megaupload-ի փակման համար մի շարք հաքերային հարձակումների ենթարկել ԱՄՆ ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի և մի քանի այլ ռեսուրսների կայքերը։






