Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում կայացած Opera Mini բրաուզերի շրջանում անցկացված տոնական վիկտորինայի հաղթողների պարգևատրության ժամանակ շնորհավորական խոսքով հանդես եկավ Հայաստան ժամանած Opera Software ընկերության նախագծերի ղեկավար Անդրեյ Գորշկովը։Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանում ամսական գրանցվում է Opera Mini բջջային վեբ-բրաուզերի 350 000 օգտագործող։ Այս օգտագործողների մեծ մասն այցելում է սոցիալական ցանցեր, մասնավորապես, Facebook, Odnoklassniki և այլն։ Իսկ որոնողական համակարգերից Opera Mini-ով հայ օգտագործողներն օգտվում են Google-ից և Yandex-ից։
Խոսելով Հայաստանում Opera ընկերության գործունեության մասին՝ նա նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին օպերատորն է, ում հետ ընկերությունը համագործակցում է։ Անդրեյ Գորշկովի խոսքով, փետրվար ամսին Հայաստանի օգտագործողներին նոր անակնկալ է սպասվում։
Այն հարցին, թե արդյո՞ք բացի ՎիվաՍել-ՄՏՍ-ից Opera Software-ը կհամագործակցի այլ օպերատորների հետ, Անդրեյ Գորշկովն ասաց, որ առաջիկայում այլ օպերատորի հետ համագործակցություն հնարավոր է։ Մասնավորապես նա նշեց, որ Opera Software-ն ունի միջազգային պայմանագիր Բիլայն ընկերության հետ, որի ներկայացուցիչն է Հայաստանում ԱրմենՏել ընկերությունը։






