AM
25 Հունվար 2012 - 11:18 AMT

«Ռոսսելխոզբանկը» որոշել է աջակցել Հայաստանին ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, Նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:

Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում: Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում: