AM
25 January 2012 - 11:25 AMT

Բենուա Շին. Մենք շարունակելու ենք Հայաստանում ներդրումային քաղաքականությունը

Հայաստան է ժամանել Ֆրանս Տելեկոմ-Orange Եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան։

«Ես եկել եմ ծանոթանալու Օրանժ Արմենիայի 2011թ-ի արդյունքներին և հաջողություններն, ինչպես նաև քննարկելու 2012-ին նախատեսվող պլանները։ Օրանժը Հայաստանում նույն ձեռագիրն ունի, ինչ բոլոր Ֆրանս Տելեկոմ խմբի երկրներում։ Օրանժը առաջնորդվում է եվրոպական արժեքներով»,-նշեց նա։

Բենուա Շինի խոսքով, Ֆրանս Տելեկոմը Հայաստանում երեք տարվա համար նախատեսել է 250 մլն եվրոյի ներդրում, որից 186 մլն-ն արդեն իսկ ծախսվել են։

Ըստ նրա, Օրանժի գործունեությունը Հայաստանի համար տնտեսությանը զարկ տալու համար կարևոր ներդրում է։ «Մենք շարունակելու ենք ներդրումների քաղաքականություն թե՛ նյութական տեսանկյունից և թե՛ մարդկային ռեսուրսների։ Մենք տեսնում ենք այստեղ տնտեսության ակտիվությունը»,-հավելեց նա։

Բենուա Շինը խոստացավ, որ Հայաստանում Օրանժը շարունակելու է տարեցտարի նորարարություններով հանդես գալ։ Խոսելով 2012-ի պլանների մասին, նա նշեց, որ հաշվի առնելով մրցակիցներին, չի կարող հայտնել գալիք նորույթները, սակայն, նրա խոսքով, դրանք անպակաս կլինեն։

Այսօր Բենուա Շինը կհանդիպի նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ։