AM
26 Հունվար 2012 - 07:30 AMT

Կառավարությունը մերժել է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» ԱԱՀ հետաձգման հայտը

Հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունը նիստում բացասական որոշում է կայացրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի՝ մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը մերժելու մասին:

Ինչպես հայտնում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը լիովին չի համապատասխանում այն պահանջներին, որոնք նախատեսված են ներդրումային ծրագրի շրջանակներում և հավաքել է անհրաժեշտ 26 միավորից 21-ը:

«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. և իր գործունեությունն է իրականացնում հիդրոէներգետիկայի բնագավառում: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել Սևան, Հրազդան, Արգել, Արզնի և Քանաքեռ ՀԷԿ-երի վերազինման աշխատանքներ, որի համար կներմուծվեն մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի) ՌԴ արտադրության համապատասխան սարքավորումներ (տրանսֆորմատորներ, անջատիչներ, բաժանիչ սարքավորումներ և այլն):

Ներկայումս ընկերության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է 480 մարդ` 134 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով, սակայն 2012թ. համար նախատեսվել է կրճատում մոտ 30 աշխատատեղով: