Հայ ժողովուրդը պետք է իր բանակը սիրի հարազատ զավակի պես: Այդ մասին Երևանում լրագրողներն է հայտարարել երգիչ, կոմպոզիտոր, ազատամարտիկ Վարդան Ամալյանը: Կոմպոզիտորը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ «միայն սիրված երեխան կարող է լավ մարդ դառնալ»:
Ամալյանը նշել է, որ եթե մյուս ոլորտներում սեփական մասնագետների բացակայությունը կարելի է լրացնել, հրավիրելով նրանց արտերկրից, «ապա բանակի պարագայում մենք չենք կարող որոևէ մեկին խնդրել, որ պաշտպանի մեզ»: Նա ասել է, որ անընդհատ պետք է կատարելագործել բանակը, որպեսզի այն իրոք լինի հզոր, ինչպես մենք հայտարարում ենք:
Նա նաև քննադատաբար է վերաբերվում բանակի խնդիրների ծայրահեղ հրապարակայնացմանը՝ կոչ անելով լրագրողներին առավել պատասխանատու լինել, հիշել, որ պատերազմը դեռ չի ավարտվել:
Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ բանակում խտացած կերպով երևան են գալիս հասարակության խնդիրները և միայն բանակի ուժերով դրանք հնարավոր չէ լուծել: Մյուս խնդիրը նա համարել է այն, որ պետությունը մեր ժողովրդի գիտակցության մեջ դեռևս նույնացված չէ հայրենիքի հետ և նշել է, որ բանակը պետք է «կապող օղակի» դեր կատարի:






