AM
30 Հունվար 2012 - 08:26 AMT

Megaupload-ի օգտագործողների բոլոր տվյալները ոչնչացման վտանգի տակ են

ԱՄՆ դաշնային դատախազները հայտնել են, որ Megaupload ֆայլերի փոխանակման ծառայության օգտագործողները մինչև հինգշաբթի կարող են կորցնել իրենց տվյալները, քանի որ Megaupload սկսելու է դրանք ջնջելու գործընթացը։ Կայքի փաստաբանը նշել է, որ եթե ջնջվի ամբողջ բովանադակությունը, ապա բոլոր օգտագործողները հեշտությամբ կկարողանան պաշտպանել իրենց շահերը դատարանում։

Megaupload-ը վարձում էր միջազգային ընկերությունների սերվերներ՝ պահպանելու համար այդ ողջ բովանդակությունը։ Եվ քանի որ դատարանը կասեցրել էր կայքի գործունեությունը, այդ ընկերություններին դադարեցվել էր վարձակալության գումարի վճարումը։ Դատախազությունը նշել է, որ տվյալների ապագայի հետ կապված հարցերը պետք է լուծել հենց սերվերները տրամադրող երկու ընկերությունների հետ Carpathia Hosting -ի և Cogent Communications-ի։ Այս ամենը վկայում է, որ 50 միլիոն օգտագործողների տվյալները՝ ներառյալ իրենց ընտանիքի անդամների լուսանկարներն և անձնական փաստաթղթերը ոչնչացման վտանգի տակ են։

Megaupload.com ֆայլերի փոխանակման կայքը (երգերի, ֆիլմերի և այլ բովանդակության ներբեռնման և վերբեռնման) հունվարի 19-ին փակվեց ԱՄՆ դատախազության պահանջով։ Ըստ դատախազության՝ MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Բացի կայքի հիմնադրից, եվրոպական մի քանի երկրներում ձերբակալվել են կայքի գործունեության հետ առնչություն ունեցող 6 մարդ։

Ընդդեմ Megaupload-ի փակման Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի կայքի և այլ ռեսուրսների վրա։

Megaupload-ը ողջ աշխարհով մեկ ճանաչված կայքերի տասնյակում էր։ Վախենալով արժանանալ Megaupload-ի ճակատագրին, մի շարք նմանատիպ կայքեր՝ FileSonic-ը, FileServe-ը և Uploaded-ը անջատել են ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը և անգամ սկսել են ջնջել իրենց սերվերներից որոշ բովանդակություն՝ դառնալով միայն ամպային հոսթինգ ծառայություն օգտագործողների համար։