AM
16 April 2003 - 16:03 AMT

ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ԼԻՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցը, որը կկազմվի Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսի հակամարտության տարածաշրջան կատարած այցի արդյունքներով, ԵԽԽՎ-ում չի քննարկվի մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես հաղորդում են ադրբեջնական ԶԼՄ-ները, Թ.Դեւիսը հայտարարել է Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում, նա տեղեկացրել է կրկին տարածաշրջան այցելելու եւ, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղում լինելու իր մտադրության մասին: Զեկուցողի խոսքերով, միայն Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների եւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ Քաղաքական հարցերով կոմիտեում, այնուհետեւ կընդգրկվի ԵԽԽՎ-ի օրակարգում: Զեկույցում իրենց արտացոլումը կգտնեն հակամարտության կարգավորման ուղղությամբ տարված աշխատանքն ու հարցեր, որոնց լուծումը կարեւոր է թվում: Պատասխանելով լրագրողների հարցերին` Թերրի Դեւիսը նշել է, որ զեկույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վկայակոչմանը զուգահեռ նաեւ գնահատական կտրվի նրանց գործունեությանը: