Ադրբեջանում նկատվում են խտրականության եւ ռասիզմի դրսեվորումներ: Այդ մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի ներկայացված զեկույցում, որը առնչվում է իրավիճակին Ադրբեջանում, Անդորայում, Լիխտենշտեյնում, Լիտվայում, Մոլդովայում եւ Շվեդիայում: Զեկույցի համաձայն, ներկայումս Ադրբեջանում ուղղակի կամ անուղղակի խտրականության են ենթարկվում փախստականները, օտարերկրացիները, կրոնական փոքրամասնությունները եւ հայերը: Ընդ որում, ինչպես նշվում է զեկույցում, Ադրբեջանում «ռասիզմ» եւ «խտրականություն» սահմանումները կիրառվում են դրանց առավել լուրջ եւ դաժան դրսեւորումների դեպքում, իսկ սովորական ռասիզմի դրսեւորումները անտեսվում են: