Ապահովագրական շուկան համախմբման միտում ունի, վստահ է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանին վերաբերող հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը:
Ըստ նրա, 2002թ. Ռուսաստանում կար ընդամենը 2000 ընկերություն, այժմ դրանց թիվը 700 է, իսկ մինչ տարեվերջ դրանց թիվը կկրճատվի ևս 200: Նա հավելել է նաև, որ ռուսական ապահովագրական շուկայի առաջատարներին բաժին է ընկնում ավելի քան 50 տոկոսը: Նման իրավիճակը մասնագետը բացատրել է ապահովագրության ոլորտում «կիսաօրինական սխեմաների առկայությամբ», ինչն անխուսափելի է զարգացող շուկայի համար՝ հետագայում դրանք այլևս չեն կիրառվում:
Անդրադառնալով հայաստանյան շուկային՝ Մինասբեկյանն ասել է, որ խաղացողների քանակը չպետք է գերազանցի 15-ը, «հաշվի առնելով մասնագիտացած ընկերությունները»: «Կարող է լինել 5 առաջատար, 10 հիմնական խաղացող, ուստի, օպտիմալ թիվը 7 է»,-ասել է նա:






