ՀԱԿ ներկայացուցիչ, «Դեմոկրատական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը դեմ է ՀԱԿ-ի համագործակցության հնարավորությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ըստ նրա, կուսակցությունն արդեն արտահայտվել է այդ առիթով և նա մնում է նույն կարծիքին: «Մենք չենք վստահում «Բարգավաճ Հայաստանում» ընթացող գործընթացին և գտնում ենք, որ կարող է գործել Արթուր Բաղդասարյանի սինդրոմը»,-ասել է Մակեյանը մամլո ասուլիսում:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է դա համատեղվում ՀԱԿ ղեկավարության դիրքորոշման հետ, որը չի բացառում ԲՀԿ համագործակցության հնարավորությունը, Մակեյանն ասել է. «ՀԱԿ ղեկավարությունը մնում է իր կարծիքին, մեր կուսակցությունը՝ մեր»:
2008թ. նախագահական ընտրություններում այն ժամանակ ընդդիմադիր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը երրորդն էր հավաքած քվեների քանակով, սատարեց իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, ինչը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում և լուրեր, որ նա գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ:






