Mozilla Firefox բրաուզերի նոր` 10-րդ թարմացումը հասանելի է արդեն հայերեն լեզվով։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ Հրանտ Օհանյանը։
Mozilla ընկերությունն ընդամենը երկու օր առաջ հայտնեց 10-րդ տարբերակի թողարկման մասին: Այն իր մեջ ներառում է լուռ թարմացման մեխանիզմ, այսինքն բրաուզերն ավտոմատ կերպով անջատում է անհամատեղելի հավելումները (add-ons) և նշում մնացյալ բոլոր հավելումները որպես համատեղելի;
Բոլոր այն հավելումները, որոնք աշխատում էին Firefox 4-ի հետ, այսուհետ համատեղելի կլինեն Firefox 10-ում, նշում է ընկերությունը։ Firefox 10-ը նախագծողներին ազատում է հավելյալ աշխատանքից և այդ գործընթացը տեղի է ունենում ավտոմատ կերպով։
Հայերեն Firefox 10-ը կարելի է ներբեռնել հենց Mozilla-ի պաշտոնական կայքից։
«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը` հասանելի դարձնելով հայերեն լեզվով, և տարածել հայերենը տեղի ՏՏ ոլորտում: Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)` Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։