Apple-ի ապագա iPhone 5 սմարթֆոնի շուրջ անընդմեջ մամուլում շրջանառվում են տարբեր բովանդակությամբ լուրեր։ Ինչպես գրում է CNET-ը, վերջին լուրերն ասում են, որ ընկերությունը ներկայացնելու է iPhone 5-ը Apple-ի նախագծողների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ (WWDC) հունիսին։
Ըստ CNET-ի, Apple-ի կողմից լավ քայլ կլինի մեկնարկել iPhone 5-ի վաճառքը հունիսին, քանի որ այդ ժամանակ սկսվում են արձակուրդային գնումները։
Հիշենք, որ վերջերս 9to5mac-ի՝ հղում տալով բջջային տեխնիկա արտադրող թայվանական Foxconn ընկերության աղբյուրին, գրել էր, որ iPhone 5-ը շուկա կհանվի 2012-ի ամռանը: Այս լուրը ապացուցում է, որ iPhone 5-ի ներկայացումը WWDC-ին շատ հավանական է։
Մինչ այժմ մամուլում տարածված լուրերից և կանխատեսումներից հայտնի է, որ iPhone 5-ն ունենալու է 4 դյույմ անկյունագծով էկրան, աշխատելու է A6 պրոցեսորով։
Առաջին iPhone-ը ընկերությունը ներկայացրել է 2007-ին: Այդ ժամանակից ի վեր Apple-ը վաճառել է ավելի քան 183 միլիոն սմարթֆոն: Ըստ վերլուծաբանների, 2012-ին ընկերությունը կվաճառի 140 միլիոն iPhone:
iPhone-ի հիմնական մրցակիցներն են համարվում Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: Պետք է նշել որ դրանց մի մասն ունի ավելի լայն անկյունագծով էկրան, քան բոլոր iPhone-ները: Դե իսկ iPhone-ի հիմնական մրցակիցն է համարվում Samsung ընկերության Galaxy S II սմարթֆոնը: