AM
7 Փետրվար 2012 - 06:47 AMT

«Հանրակրթական Դիջիթեք»-ը շարունակվում է Վրաստանի հյուրերի ակտիվ մասնակցությամբ

«Հանրակրթական Դիջիթեք»-ը շարունակվում է։ Երեկ միջոցառման հյուրընկալն էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ և կրտսեր դպրոցները, տեղեկացնում են ստուգատեսի կազմակերպիչները։

Հյուրերին միացել էին նաև Թբիլիսիի հայկական համայնքի «Հայարտուն» կենտրոնի աշխատողները։ Հյուրերը շրջեցին դպրոցում, դիտեցին գեղարվեստական ուսուցման արդիական միջավայրը, եղան բաց պարապմունքներին, որոնք ներկայացնում էին մեդիայի կիրառումը գեղարվեստի խորացված ուսուցման մեջ։

Փետրվարի 6-ի ստուգատեսն ամփոփել են դպրոցականները` Մարմարյա սրահում ներկայացնելով դիջիթեքյան իրենց մեդիանյութերը, իրենց մեդիաշոուն:

Փետրվարի 8-ին Հանրակրթական Դիջիթեքի պաշտոնական ներկայացման օրն է։ Հանրակրթական Դիջիթեք 2012-ի հիմնական թեման է «Թվային միջոցները` հանրակրթական արդյունավետ գործիքներ»։ Փետրվարի 1-11-ը ստուգատեսի ժամանակ կանցկացվեն մեդիապարապմունքներ, մեդիաթատրոններ, կլինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիագրադարանի ներկայացում, մեդիաօլիմպիադայի շնորհանդես։ Շնորհանդեսներով հանդես կգան ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերություններ «Սինոփսիս Արմենիան», Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը, «Յունիքոմփը» և այլն ընկերություններ։

Ստուգատեսի պաշտոնական գործընկերներն են` «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ԻՏՁՄ, «Յունիքոմփ» և «Ֆիրմա Ալֆա» ընկերությունները և ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ-ը։