AM
7 Փետրվար 2012 - 12:51 AMT

Լևիտինը գոհ է ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված Հայաստանի քայլերից

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն իր գոհունակությունն է հայտնել ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված Հայաստանի քայլերի վերաբերյալ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը շատ օպերատիվ է ընդունել այդ հարցին առնչվող բոլոր նորմատիվ ակտերը: «Նորմատիվ բազան արդեն կա, կես տարվա ընթացքում կձևակերպվեն հիմնադիր փաստաթղթերը»,-ասել է Լևիտինը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ ( «ԵրՄՄԳՀԻ») այցելությունից հետո: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին:

Լևիտինը նշել է, որ քննարկել է ազատ տնտեսական գոտու հարցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Մենք դիտարկում ենք նման համատեղ ընկերության աշխատանքը: Արդեն առաջարկներ կան արտադրանքի վերաբերյալ, կարելի է ասել, աշխատանքներն արդեն սկսված են, ձեռնարկությունն արդեն սկսել է իրացնել առաջին գումարները»,-ասել է նա: Ըստ Լևիտինի, նրանք Տիգրան Սարգսյանի հետ ամփոփել են 2011թ. աշխատանքը, որի ընթացքում ստորագրվել է 4 միջկառավարական համաձայնագիր և ավելի քան 10 միջգերատեսչական համաձայնագիր, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է նախաճգնաժամային տարվա ցուցանիշներին: Քննարկվել է նաև պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղատնտեսությանն աջակցելու վերաբերյալ:

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։