«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն համոզված է, որ Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի վերահսկողությունը պետք է գտնվի Հայաստանի կառավարության ձեռքերում: «50+1 ակցիան պետք է գտնվի Հայաստանի կառավարության հսկողության ներքո»,-Երևանում փետրվարի 7-ին լրագրողներին հայտնել է նա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով:
Անդրադառնալով նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման խնդիրներին, «Ռոսատոմի» ղեկավարը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ավելի մեծ ծավալով`20 տոկոսից ավելին, ներդրումներ անելու հնարավորությունը Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման գործում: «Իսկապես, մենք խոսել ենք այն մասին, որ պատրաստ ենք ներդնել 20-25 տոկոս, կարող ենք ավելիի մասին խոսել, սակայն դա համապատասխան բանակցությունների առարկա է»,-հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ապահովել նախագածի ֆինանսավորման 20 տոկոսից ավելին, ևս 20 տոկոսն իր վրա է վերցնում հայկական կողմը, իսկ մնացած 60-ը ծրագրվում է իրականացնել միջազգային ներդրողների ներգրավմամբ:
Հայաստանը ծրագրում է կառուցել նոր էներգաբլոկ Հայաստանի ԱԷԿ-ի փոխարեն, որի հզորությունը կլինի 1000 ՄՎտ: Գործող ԱԷԿ-ը Մեծամորի տարածքում է գտնվում: Կայանը շահագործվել է 1976թ: Ներկայումս գործում է ԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը:
Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար:






