AM
8 February 2012 - 07:16 AMT

Samsung-ը 2012-ին կվաճառի 25 միլիոն սմարթ հեռուստացույց

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է 2012-ին վաճառել 25 միլիոն սմարթ հեռուստացույցներ՝ նպատակ ունենալով ինտերնետ հեռուստատեսության շուկայում գրավել առաջատարի դիրքեր։ Այս շուկայի վրա «աչք» ունի նաև Samsung-ի հիմնական մրցակից Apple ընկերությունը։

Samsung-ի վերջին սմարթ հեռուստացույցները պարունակում են ձայնային կառավարման համակարգ՝ ճանաչելով մարդու ձայնը՝ մոտ 30 լեզու, կարող են ձայնային հրամանով միանալ, անջատվել, փոխել հեռուստաալիքը, ձայնի բարձրությունը։ Որոշ մոդելներում դրանք ճանաչում են նաև ձեռքի շարժումները և առաջարկում 1500 ծրագիր

«Այս հեռուստացույցը պարունակում է բոլոր տեխնոլոգիաները և ֆունկցիաները, որ մենք ունենք։ Այս նոր մոդելը՝ ES8000 մարտ ամսից տարածվելու է մեր աշխարհի բոլոր խանութներում »,-նշել է Samsung-ի հեռուստացույցների արտադրության ղեկավար Կիմ Հյուն-Սուկը և ավելացրել, որ ընկերությունը հույս ունի շուտով ներկայացնել նաև հեռուստացույց՝ աշխատող Google-ի օպերացիոն համակարգով, որը, ըստ երևույթին, կդառնա Apple-ի գալիք iTV-ի մրցակիցը։

Սմարթ հեռուստացույցներն օգտագործողներին հնարավորություն են տալիս միանալ ինտերնետին, օգտվել հեռուստատեսային ծրագրերից, տեսախաղերից և այլն։ Սմարթ հեռուստացույցների շուկայում մրցակցում են Samsung և LG Electronics ընկերությունները։