Microsoft ընկերությունը հայտնել է, որ փետրվարի 29-ին Mobile World Կոնգրես ցուցահանդեսի ժամանակ Բարսելոնայում կներկայացնի իր երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգի բեթա տարբերակը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse։
Microsoft-ը լրատվամիջոցներին տարածած իր հրավերում խոստանում է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել կայանալիք շնորհանդեսի մասին ամսվա վերջում։
Սպասվում է նաև, որ Windows 8-ի ներկայացման հետ միաժամանակ կբացվի նաև ծրագրերի օնլայն խանութը, որը հենց ստեղծված է լինելու Windows 8-ի հիման վրա նախագծված ծրագրերի համար։
Windows 8 տարբերակը նախագծողների համար Microsoft-ը հասանելի դարձրեց 2011-ի սեպտեմբերին։ Ինչպես հայտնի է, օպերացիոն համակարգի նոր տարբերակը համատեղելի է թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետային համակարգիչների հետ։ Եվ ելնելով օպերացիոն համակարգի նոր ինտերֆեյսից՝ այս տարբերակում առաջին անգամ բացակայելու է «Սկիզբ» (Start) կոճակը։