Ադրբեջանի ժողովուրդը շարունակում է դժգոհություն հայտնել այն առնչությամբ, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Turkish Daily News» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը: Ընդ որում նա հիշեցրել է, որ ժամանակին Սեզերի նախորդող Սուլեյման Դեմիրելը չարձագանքեց, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվեց ՀՀ նախագահ: Դեսպանի խոսքերով, Ադրբեջանի ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ փաստը Ալիեւի կառավարությունը վարկաբեկելու համար, եւ ակնհայտ է, որ շնորհավորական ուղերձի մասին լուրը տարաձայնություններ է առաջացրել: Սեզերի հեռագիրը դարձել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի քննարկման թեմա: Որոշ խորհրդարանականներ կարծիք են հայտնել, որ թուրք առաջնորդի հեռագիրը վկայում է Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու պաշտոնական Անկարայի մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, դեսպանը ընդգծել է, որ նման խնդիրները չեն անդրադառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «ամուր ռազմավարական կապերի» վրա: