ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:
Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առևտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում:
ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգևավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս:
2011թ.-ին Պետեկամուտների կոմիտեի կողմից քաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա: Ուստի, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգևավճար կստանան նաև բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ից :
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011թ. տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Որպես Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և հարգանք օրենքի հանդեպ, ինչը դրսևորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ նաև:






