AM
13 Փետրվար 2012 - 13:18 AMT

Մանուկ Վարդանյանը հաջողություն է մաղթել Շևկետ Շայդուլլինին նոր պաշտոնում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը մասնակցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած կոլեգիայի նիստին, որի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց. “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության 2012թ.-ի ներդրումային հասցեկան ծրագիրը եւ ընկերության կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները:

Նիստի ընթացքում գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց այս տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների ուղղությունները. մասնավորապես երկաթուղու համակարգում նախատեսվում է ներդնել մոտ 13 մլրդ. դրամ, որի մեծ մասն ուղղվելու է ենթակառուցվածքի վերանորոգմանը եւ արդիականացմանը:

Շ.Շայդուլլինը տեղեկացրել է, որ ՀԿԵ ՓԲԸ-ի կողմից այս տարի կիրականացվի նաեւ 8 ուղղություններով ներկահանրապետական եւ երկու ուղղությամբ` դեպի Թբիլիսի եւ Բաթումի ուղեւորափոխադրումներ: Այսա մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ տարեց տարի զգալի դրական տեղաշարժ է նկատվում երկաթուղու ոլորտում, այդ թվում` անցած տարի առաջին անգամ հաստատվել է հասցեկան ներդրումային ծրագիրը, որով հստակեցվել է ֆինանսավորման կառուցվածքը, եւ ներդրումները հիմնականում ամբողջությամբ ուղղվել են ենթակառուցվածքների վերանորոգմանը եւ արդիականացմանը: Նախարարը կարեւոր ձեռքբերում է համարել նաեւ այն, որ հիմնականում ներքին ռեսուրսների խնայողության հաշվին սակագների փոփոխություն չի կատարվել:

Նախարար Մ.Վարդանյանը շնորհակալություն է հայտնել “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նիստից հետո Շ.Շայդուլլինը եւ “ՀԱՍԱ” ընկերության տնօրեն Վահե Խաչատրյանը ստորագրել են Վարդենիսից-Երեւանի ՋԷԿ երկաթուղով ածուխի տեղափոխման վերաբերյալ պայմանագիր: