AM
13 February 2012 - 13:29 AMT

«Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթին դիմելու վերջնաժամկետին մնացել է 11 օր

Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից հայտարարված են «Երևակայության գավաթ 2012» մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլը մեկնարկել է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև 2012թ փետրվարի 24-ը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք «Երևակայության գավաթ 2012-ի» համաշխարհային եզրափակչին:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին՝ մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»՝ նվիրված ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8 նպատակներին:

Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի: 2011թ հայաստանյան ընտրական փուլում հաղթած X-teach թիմը մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցած եզրափակչին:

Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Այս տարի մրցույթի անցկացման կարգը փոփոխվել է. կազմակերպիչներն այն անցկացնելու են 2 փուլով և ավելի շատ ժամանակ են հատկացնելու թիմերի հետ աշխատանքին և խորհրդատվությանը:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է, որին արդեն իսկ մասնակցել են 358.000 ուսանողներ աշխարհի 183 երկրներից: Հաղթողը հնարավորություն է ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս լավագույն նախագծերը, իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար: