Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական գիտակրթական լաբորատորիա: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահը, տեղեկացնում են ԳՊԿ մամլո ծառայությունից:
Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունն է լինելու հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացումը, այդ թվում՝ ռենտգենյան ճառագայթման գեներացիայի նոր աղբյուրների և եղանակների մշակումը, ռենտգենյան օպտիկայի տարրերի մշակումը և այլն:
Լաբորատորիայի բազայի վրա կիրականացվեն նաև կրթական ծրագրեր՝ «արագացուցիչների ֆիզիկա» եւ «բժշկական ֆիզիկա» ուղղություններով: Լաբորատորիայի սարքավորումների համար բուհը ծախսել է 7,5 միլիոն ռուբլի դրամաշնորհային միջոցներ:
«Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիան ղեկավարելու է լաբորատորիայի ստեղծման նախաձեռնող ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը:
Լաբորատորիան իր գործունեությունը ծավալելու է երկու երկրներում. 2013 թ. Երևանում բացվելու է լաբորատորիայի հայաստանյան մասը: Հետագայում լաբորատորիայում իրականացվող հետազոտական ծրագրերին կմասնակցեն նաև այլ երկրների գիտնականներ:
Տոմսկ այցելության ընթացքում ԳՊԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Տոմսկի նահանգապետի գիտատեխնիկական և ինովացիոն քաղաքականության գծով տեղակալի պաշտոնակատար Ա. Պուշկարենկոյի, ՌԴ մարզերի եւ ԱՊՀ երկրների միջև աշխատանքների կոմիտեի նախագահ Ե. Իվանովի և ՏԱՀՊՀ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գիտության, կրթության և ինովացիայի բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Ռուսական կողմն առաջարկել է մասնակցել իրենց մոտ իրականացվող կրթական ծրագրերին, իրականացնել համատեղ գիտական ծրագրեր և այլն: Համալսարանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցելու «Քենդլ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին: