Հայաստանի եւ ԼՂՀ տարածքում ավելի քան 8 հազար ադրբեջանցի ռազմագերիների առկայության մասին ադրբեջանական կողմի պնդումները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ընդ որում, նրա խոսքերով, Երեւանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին համոզվել, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գեներալը նշել է, որ Հայաստանը իր հերթին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրեն հնարավորություն ընձեռել ստուգելու, թե քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացվել, ինչպես եւ չի պատճառաբանվել նման դիրքորոշումը: Ավելին, Բաքուն չի ցանկանում, որպեսզի դրանով զբաղվեն միջազգային կազմակերպությունները: ՀՀ պաշտպանության փոխնախարարը կրկին հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը քննարկել ադրբեջանական կողմի բոլոր առաջարկություններն այդ հարցի շուրջ: