Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գիրքը ներկայացրեց «Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի» տնօրեն Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ գիրքը լույս է տեսել սփյուռքի նախարարության պատվերով, իսկ նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է մշակույթի նախարարությունը:
«Գիրքը բաղկացած է բազմաթիվ բաժիններից, իսկ յուրաքաննչյուր բաժնի սկզբում ներկայացված է կառույցի մանրամասն հատակագիծը: Ալբոմ-գիրքը բացառիկ է նաև նրանով, որ մինչ այդ շատ ուսումնասիրություններ, չափագրումներ են արել, բայց բազմաթիվ շինություններ դուրս են մնացել ուսումնասիրություններից, իսկ այս գրքում կան բոլոր շինությունների չափագրումները»,- ներկայացրեց բանախոսը՝ նշելով, որ գրքում շինությունները ներկայացվում են նաև եռաչափ մոդելավորմամբ:
Ներառված են նաև այն եկեղեցիները, որոնք եղել են Անիի հարակից գյուղերում, և մինչ այժմ ոչ մի քարտեզում ներառված չեն եղել:
Ընդհանուր առմամբ գրքում կա 600-ից ավելի լուսանկար: Ըստ Սամվել Կարապետյանի, այն հետաքրքիր է թե ճարտարապետնների և թե առհասարակ՝ գեղեցկությունը գնահատողների համար:






