ArCa հայկական ազգային վճարային համակարգը մինչև 2012թ. ավարտը մտադիր է ավելի հզոր պրոցեսինգային կենտրոն գործարկել: Այդ մասին փետրվարի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Բանկերի միությնա նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքով, այդ նախագիծը բավական ծախսատար է և միլիոնների ներդրումներ է պահանջում:
«ArCa վճարային համակարգի վերազինման գործընթացը սկսվել է 2011 թվականին: Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ մենք տեխնիկապես լիարժեք ապահովված սպասարկող ծրագիր և պլաստիկ քարտերի սպասարկման նոր ծառայություն կունենանք»,- ասել է նա:
Եվ իսկապես հանրապետության բանկոմատներում ArCa վճարային համակարգի խոտանները բազմիցս նշվել են վերջին ժամանակներս:
Անդրադառնալով անկանխիկ վճարումների աճի տեմպերին` Օսիպյանը նշել է, որ Հայաստանին հաջողվել է ավելի բարձր տեմպեր ապահովել Ֆրանսիայի համեմատ, որը անկանխիկ վճարումների համակարգը ներդրել է 1956 թվականից իր ազգային պրոցեսինգային կենտրոնի միջոցով: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի սպառողների համար հասանելի վայրերում անկանխիկացման սարքի առկայության համար ենթակառուցվածք ստեղծվի»,- ընդգծել է նա:






