Վերջերս իմ կատարած այցը Մոսկվա բխել է մի շարք բացառապես պետական խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` դրանով իսկ հերքելով լուրերն այն մասին, որ այդ այցը նպատակ ուներ ձեռք բերել Մոսկվայի աջակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հաղթանակում առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նշենք, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանը երկրորդն է` կուսակցության նախագահ, ՀՀ գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետո: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել են բազմաթիվ հանդիպումներ, մասնավորապես, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարության, հայ-ռուսաստանյան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահի եւ Պետդումայի կոմիտեների ղեկավարների հետ: Լրագրողների այն հարցին, թե հավակնու՞մ է նա ապագայում երկրի վարչապետի պաշտոնին` Սերժ Սարգսյանը բացասական պատասխան է տվել: