AM
27 February 2012 - 09:24 AMT

Samsung-ը ներկայացրել է ներկառուցված պրոեկտորով Galaxy Beam սմարթֆոնը

Samsung-ը MWC 2012 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Galaxy սմարթֆոնների շարքի «նորեկին»՝ Galaxy Beam-ը։ Այս մասին գրում է wired.com-ը։

Այն յուրօրինակ սմարթֆոն է, քանի որ ունի ներկառուցված պրոեկտոր։ Վերջինիս միջոցով հնարավոր է արտապատկերել լուսանկարը պատին կամ այլ մակերևույթին։ Պրոեկցիայի չափսը պետք է ունենա մինչև 50 դյույմ անկյունագիծ։ Իսկ հենց սմարթֆոնի էկրանն ունի 4 դյույմ անկյունագիծ։

Պրոեկտորը կառավարելու համար սմարթֆոնը պարունակում է հատուկ ներկառուցված ծրագիր։ Galaxy Beam-ն ունի 1ԳՀց հզորությամբ երկմիջուկային պրոցեսոր, 8Գբ ներքին հիշողություն և մինչև 32Գբ հիշողություն ավելացնելու հնարավորություն microSD քարտով։

Galaxy Beam-ի ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է, իսկ դիմային ֆոտոխցիկը՝ 1,3։ Սմարթֆոնն աշխատում է Android 2.3 տարբերակով, սակայն Samsung-ը հայտնել է, որ շուտով այն հնարավոր կլինի թարմացնել, փոխարինելով Android 4.0 տարբերակով։ Սմարթֆոնը կշռում է 145 գրամ։

Mobile World Congress 2012 ցուցահանդեսը մեկնարկել է Բարսելոնայում։ Այն համարվում է տարվա խոշորագույն ՏՏ ոլորտի իրադարձություններից։ Ցուցահանդեսին հավաքվում են սմարթֆոնների առաջատար արտադրողները, ինչպես նաև ծրագրային ապահովում ներակայացնող ընկերությունները։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 1-ը։