Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Եվրամիության հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի (7ՇԾ) երեք նախագծերի պաշտոնական մեկնարկը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Բյոֆը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի մոսկովյան գրասենյակի տնօրեն Միշել Տարարինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ատաշե Գիյոմ Բրեժոն, տեղեկացնում են ԳԱԱ մամլո ծառայությունից։
ՀՀ ԳԱԱ ինստիտուտները կհամակարգեն Եվրոպական մակարդակի նախագծեր` տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների, էկոլոգիայի և ֆիզիկայի ոլորտներում:
Նախագծերի ընդհանուր նպատակն է հայկական կենտրոնների հնարավորությունների և գիտական ներուժի հզորացումը` Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի 12 առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների հետ ռազմավարական համագործակցության հաստատման, գիտնականների փոխանակման և համատեղ փորձերի նախապատրաստման միջոցով: Կարևոր բաղկացուցիչ է նաև եվրոպական փորձագետների մասնակցությամբ այդ կենտրոնների երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարության մշակումը` ելնելով երկրի տնտեսական զարգացման առաջնայնություններից:
Նախագծերի իրականացման ժամկետը երեք տարի է: Համաեվրոպական ամենամեծ գիտական ծրագիր հանդիսացող 7-րդ շրջանակային ծրագրի կարևորագույն ուղղություններից է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խթանումը: