AM
9 April 2003 - 17:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ ԱՆՀԻՄՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՔՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են համարում իրաքյան իրադարձությունների լույսի ներքո Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների որոշ չափով սառեցման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են ավելի քան ամուր հիմքի վրա: Նրա խոսքերով, Հայաստանն իրաքյան խնդրի առնչությամբ զբաղեցրել է հավասարակշռված դիրք, ավելին` անցած ժամանակաշրջանում Երեւանը եւ Վաշինգտոնը ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Ինչ վերաբերում է իբր սառած հայ-ամերիկյան հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Հայաստանին ֆինանսական օգնության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ապա, ինչպես նշեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, օգնության ծավալը պայմանավորված է Հայաստանում ԱՄՆ-ի շահերով: Իր հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հանդիսանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերի համընկման համադրման կետ, եւ այդ դեպքում բանակցային գործընթացի նկատմամբ ինչ-որ բացասական ազդեցության մասին խոսելը` դրսեւորված իրավիճակի միայն սխալ գնահատական է, ընդգծել է Ձյունիկ Աղաջանյանը: