AM
28 Փետրվար 2012 - 05:15 AMT

iTunes-ը համալրվել է ևս մեկ լուսանկարների սոցցանց-ծրագրով՝ Pinweel-ով

Սմարթֆոնների և սոցիալական ցանցերի դարում մարդիկ օրական միլիոնավոր լուսանկարներ են վերբեռնում ինտերնետ՝ օգտագործելով բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ iPhone օգտագործողների համար ամենատարածված լուսանկարներ կիսելու (photosharing) ծրագիրը Instagram-ն է։

Բացի վերոհիշյալից կա մեկ այլ հետաքրքիր լուսանկարիչների սոցիալական ցանց՝ Pinweel-ը։

Նախևառաջ Pinweel-ից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել սեփական էջը ցանցում։ Հնարավորություն կա գրանցվել Facebook-ի, Twitter-ի անուններով։ Pinweel ծրագրի ինտերֆեյսը շատ պարզ է և հասկանալի։ Այն նմանություն ունի Microsoft-ի բջջային օպերացիոն համակարգ Windows Phone 7-ի Metro կոչվող ոճով ինտերֆեյսին։

Ծրագրի ներքևի մասում կա 5 կոճակ։ Առաջինը «Ալբոմներ» բաժինն է, որտեղ կարելի է ստեղծել լուսանկարների ալբոմներ, տալ դրանց անվանումներ, որոշել ալբոմի գաղտնիության կարգավորումները։ Ալբոմը կարող են տեսնել Twitter-ի, Facebook-ի, Pinweel-ի ընկերները։

Երկրորդ բաժինը «Գործունեությունն է» (Activity)։ Այն իրենից ներկայացնում է օգտագործողի և օգտագործողի ընկերների գործունեության ժապավենը։

Մյուս բաժինը կոչվում է «Լուսանկար»։ Սա հենց այն կոճակն է, որի միջոցով կարելի է լուսանկարել, օգտվել ծրագրի ֆիլտրերից և խմբագրել լուսանկարները։ Հնարավոր է ընտրել լուսանկարի ֆորմատը և խմբագրելուցն հետո վերբեռնել այն Pinweel։

Pinweel սոցցանցը հնարավորություն է տալիս նաև ստեղծել ալբոմներ, որոնցում կարող են լուսանկարներ վերբեռնել միանգամից մի քանի օգտագործող։ Այս ֆունկցիան ծրագրում կոչվում է Inbox։ Pinweel-ի 5-րդ բաժինը կոչվում է «Profiel»։ Այստեղ հնարավոր է ավելացնել և խմբագրել սեփական անձի մասին տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ավատարը, ընկերներին և այլն։

Pinweel ծրագիրը կարելի է ներբեռնել iTunes-ից։ Այն համատեղելի է iOS օպերացիոն համակարգի 4 և ավելի բարձր տարբերակների համար։ Ծրագրի 1.0.2 տարբերակը թողարկվել է ընդամենը մի քանի օր առաջ։