Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ որոշ լուրեր են տարածվել Samsung ընկերության գալիք երկար սպասվող սմարթֆոնի՝ Galaxy S III-ի մասին։ Ինչպես գրում է bgr.com-ը, սմարթֆոնն ունենալու է 1,5GHz քառակի միջուկով Samsung Exynos պրոցեսոր։ Սմարթֆոնի էկրանը լինելու է full HD 4,8 դյույմ անկյունագծով։ Դիմային ֆոտոխցիկը 2 մեգապիքսել է, իսկ հիմնական ֆոտոխցիկը՝ 8 մեգապիքսել։
Galaxy S III-ն ունենալու է կերամիկական պատյան։ Այն աշխատելու է Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ 4.0 Ice Cream Sandwich-ով, և ունենալու է 4G LTE ցանցին միանալու հնարավորություն։
Ավելի վաղ, ըստ ԶԼՄ-ներում տարածված նորությունների, հայտնի էր, որ Galaxy S III-ը 7 միլիմետրով բարակ է լինելու իր նախկին սերունդներից՝ Galaxy S-ից, Galaxy S II –ից:
Շատերը սպասում էին, որ Samsung-ը կներկայացնի Galaxy S III սմարթֆոնը Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում: Սակայն ընկերության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ դա տեղի չի ունենա: Հենց այս ցուցահանդեսի ժամանակ է Samsung-ը ներկայացրել իր Galaxy շարքի նախկին սերունդները։
Mobile World Congress-ը փետրվարի 27-ին մեկնարկել է Բարսելոնայում։ Samsung-ը արդեն ներկայացրել է Galaxy Beam սմարթֆոնը, Galaxy Note պլանշետը, և Galaxy Tap 2 սերիայի երկու պլանշետ։