Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը բավարար գնահատական է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքին: «Չեմ կարող ասել, որ մենք հիացած ենք, բայց, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում»,- ասել է նա և հավելել, որ նորաստեղծ ծառայությունը պետք է մեծ աշխատանք կատարի սննդամթերքի անվտանգության բարձրացման ողղությամբ, որն իրացվում է հանրապետության շուկայում, իսկ կառույցի աշխատանքը տեսանելի կլինի որոշ ժամանակ անց:
Իր հերթին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշել է, որ կառույցի առջև խնդիր է դրված բնակչությանը տրամադրել բարձրորակ ծառայություններ: Դրա համար մտցվելու են համապատասխան օրենսդրական շտկումներ, այդ թվում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում:
Նա նաև հավելել է, որ տվյալ պահին ծառայությունը մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ռազմավարական քաղաքականություն, իսկ օրենսդրական փոփոխությունները թույլ կտան բարձրացնել ծառայության լիազորությունները, մասնավորապես, դիտարկման ընթացքում խախտումներ բացահայտելիս կառույցը կարող է դադարեցնել անորակ ապրանքների իրացումը:






