Հայաստանի կառավարությունը մարտի 1 նիստին թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ընկերությանը մինչև 2015թ շարունակել «ժամանակավոր ներկրում» անցակետային ռեժիմը:Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն ըստ գերմանական «Եվրոդրեսս» ընկերության հետ պայմանագրի` կարի ծառայություններ է իրականացնում մատակարարի կողմից տրամադրված հումքով: Ընկերության համագործակցությունը «Եվրոդրեսս»-ի հետ կրում է շարունակական բնույթ:
Ընկերությունը 2008 թվականից մինչ այժմ Հայաստանում տեղակայված տարբեր ձեռնարկություններում կատարել է շուրջ 1,88 մլրդ դրամի կարի ծառայություններ: Ընկերությունում ներկայումս աշխատում են 540 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք են: Ընկերությունը, 2011 թվականին կատարելով ներդրումներ` ընդլայնել է արտադրական գործունեությունը Հայաստանում, ինչի արդյունքում Շիրակի մարզի Ամասիա քաղաքում հիմնել է նոր արտադրություն շուրջ 100 աշխատատեղով: Աշխատողների միջին աշխատավարձը 2012 թվականին կկազմի 64.67 հազ. դրամ: Հետագա տարիներին նախատեսվում է միջին աշխատավարձի բարձարցում՝ 2014 թվականին հասցնելով շուրջ 84.44 հազ. դրամի:
Հաշվի առնելով, որ բարձրորակ կարի ծառայություններ մատուցելու համար ներկա դրությամբ Հայաստանում չկան անհրաժեշտ մեքենա-սարքավորումներ, ընկերությունը ժամանակավոր օգտագործման նպատակներով դրանք ներմուծում է արտերկրից:
Համաձայն պայմանագրի` արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները տրամադրվում են «Եվրոդրեսս» և «WKS Textilveredlungs» ընկերությունների կողմից և հանդիսանալով վերջիններիս սեփականությունը` արտահանվելու են հանրապետությունից դուրս աշխատանքներն ավարտելուց հետո: Սակայն հաշվի առնելով, որ «Եվրոդրեսս» և «ՎԿՍ Արմենիա» ընկերությունների միջև կնքված պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը, անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նաև նշված սարքավորումների համապատասխան ռեժիմի ժամկետը մինչև պայմանագրի ավարտը:






