Իսպանիայի Ինտերնետ-ակտիվիստները հարյուրավոր տեղական կայքերում հղում են զետեղել հեղինակային իրավունքներով պաշտպանված Էմե Նավարրոյի երգին: Այդպիսով նրանք բողոք են հայտնել իսպանական հակահենային օրենքի դեմ, գրում է TorrentFreak-ը:
Էմե Նավարրոն սովորաբար իր կոմպոզիցիաները հրապարակում է ազատ լիցենզիայով, սակայն այս ակցիայի համար թողարկված երգը պաշտպանված է հեղինակային իրավունքներով: Մարտի 1-ին, երբ ուժի մեջ մտավ օրենքը, երաժիշտը դիմեց մշակույթի նախարարությանը՝ բողոքելով այն կայքերից, որտեղ հայտնվել էր իր երգի հղումը: Գերատեսչությունն ըստ օրենքի պետք է դիտարկի նրա բոլոր հայտերը, որի պատճառով առաջիկայում «ծանրաբեռնված է լինելու» աշխատանքով:
Ակտիվիստների խմբի հայտարարության մեջ ասվում է, որ ըստ WikiLeaks –ի, հակահենային օրենքը «առաջ է մղվել» ԱՄՆ կողմից: Այն նախատեսում է այն կայքերի արգելափակման հնարավորություն, որոնք խախտում են հեղինակային իրավունքները:
Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է ցույց տալ օրենքի անհեթեթությունը ու ստուգել նրա աշխատունակությունը: Ակցիային կարող են միանալ ցանկացած ինտերնետ-ռեսուրսներ, այդ թվում օտարերկրյա: Դրա համար բավական է հղում ուղարկել ակցիայի կայքին: Արդեն ավելի քան 250 ռեսուրսներ միացել են օրենքի դեմ պայքարին:
Վերջերս շատ երկրներ ու ինտերնետ ընկերություններ պայքարում են հակահենային օրինագծերի դեմ, ինչպիսիք են SOPA/PIPA և ACTA-ն.






