ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը դիմում է ներկայացրել Նոր Զելանդիա՝ պահանջելով հանձնել ֆայլերի փոխանակման կայք Megaupload-ի հիմնադիր Քիմ Դոտկոմին և իր երեք մյուս գործընկերներին, ովքեր մեղադրվում են անօրինական ֆայլերի տարածման, հեղինակային իրավունքի խախտման մեջ։
Նոր Զելանդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ դիմումը ներկայացվել է Օքլենդի Հյուսիսային տարածքային դատարան։ Սակայն առայժմ, դատարանը չի հրապարակում դիմումի մանրամասները։
ԱՄՆ դատախազները մեղադրում են Megaupload-ի 4 հիմնադիրներին հեղինակային խրավունքի խախտման մեջ՝ գտնելով, որ խախտումների պատճառով հեղինակային իրավունքը կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Նրանք մեղադրվում են նաև ավազակության, շորթման մեջ, ինչի համար սպասվում է 20 տարի ազատազրկում։
Պետք է նշել, որ Քիմ Դոտկոմն իր երեք գործընկերների հետ շարունակում է մնալ տնային կալանքի տակ Օքլենդում։ Հանձնման դատալսումը կայանալու է օգոստոսին։
Megaupload-ը թույլ էր տալիս օգտագործողներին ներբեռնել և վերբեռնել մեծ ֆայլեր՝ երգեր, ֆիլմեր։ Megaupload-ը ողջ աշխարհով մեկ ճանաչված կայքերի տասնյակում էր։ Megaupload-ի փակումից հետո, մի շարք ճանաչված ֆայլերի փոխանակման կայքեր վերացրեցին որոշ ֆունկցիաներ իրենց կայքերից։






