Այսօրվա դրությամբ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը հասել է շուրջ 220 մլն դոլարի՝ 2011-ին ապահովելով 34 տոկոս աճ: Այդ մասին Երևանում մարտի 5-ին մամլո ասուլիսում հաղորդել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «Այդ պորտֆելը բավականաչափ դիվերսիֆիկացված է տնտեսության առանձին ոլորտներով՝ արտադրություն, հիփոթեք, առևտրի ֆինանսավորում»,- ասել է նա:
Ինչ վերաբերվում է ֆիզիակական անձանց վարկային պորտֆելին, ապա այն կազմում է շուրջ 50 մլն դոլար, որտեղ կան ավտովարկավորում, վարկային քարտեր, սպառողական վարկեր և այլն: «Մենք դրա կենտրոնացման հետ կապված խնդիրներ չենք տեսնում»,- ասել է նա:
Քլիֆորդը հավելել է, որ 2011-ին բանկն իրագործել է 100 մլն դոլարով նոր վարկային ծրագիր կորպորատիվ հաճախորդների համար: 2011-ին ֆիզիկական անձանց գծով իրագործվել է 12մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր, ընթացիկ տարում այս ուղղությամբ նախատեսվում է բաշխել շուրջ 30 մլն դոլար:
Ավելին, բանկի ղեկավարի խոսքով, առաջիկայում բանկը կառաջարկի ֆիզիկական անձանց նոր մատչելի վարկային պրոդուկտ, որը կտրամադրվի անշարժ գույքի կամ այլ ակտիվների գրավի դիմաց:






