AM
6 Մարտ 2012 - 07:14 AMT

«Արմավիան» գործադուլ է հայտարարել. Օդանավակայանի գները շատ բարձր են

«Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել: PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Գործադուլը պայմանավորված է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ , ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Նանա Ավետիսովան նշեց, որ բոլոր չվերթները դադարեցված են, մինչև գների վերանայումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արդեն իսկ արձագանքել է գործադուլին՝ բացասական գնահատելով «Արմավիա» ավիաընկերության կողմից «անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները».

«Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլև Ռուսաստանում գործող սակագները»: