AM
12 Մարտ 2012 - 09:02 AMT

Իրանը, Սիրիան և Բելառուսը ճանաչվել են «ինտերնետի թշնամի» երկրներ

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում Բելառուսը և Բահրեյնը անվանել է «ինտերնետի թշնամի» երկրներ։

Ըստ կազմակերպության՝ «ինտերնետի թշնամի» երկրներից են նաև Մյանման, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Վիետնամը։

Այս ցուցակում հայտնվել են բոլոր այն երկրները, որոնց իշխանությունները կոշտ սահմանափակում են օգտագործողների ազատությունը։

Օրինակ, Չինաստանը ուժեղացրել է ճնշումները մասնավոր ինտերնետ-ընկերությունների նկատմամբ՝ նպատակ ունենալով ստիպել նրանց ավելի սերտ համագործակցության գնալ կառավարության հետ։ Միևնույն ժամանակ, Իրանում և Վիետնամում օգտագործողների մի շարք ձերբակալություններ են գրանցվել։ Զեկույցի հեղինակների կարծիքով Սիրիայի իշխանությունների կողմից նման քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում՝ օգտագործողներն ավելի են ակտիվանում։

Բացի «թշնամի երկրների» ցուցակից, կազմակերպությունը կազմել է նաև «երկրներ, որոնք գտնվում են հսկողության տակ» ցուցակը։ Օրինակ Ռուսաստանը 2012-ին հայտնվել է այս ցուցակում, ինչը պայմանավորված է մի շարք կիբերհարձակումներով՝ ուղղված որոշ ռեսուրսների։ Բացի դրանից զեկույցի հեղինակները հաշվի են առել վերջին շրջանում ռուս օգտագործող-բլոգերների ձերբակալությունները։ «Հսկողության տակ գտնվող երկրների» շարքերում են նաև Ավստրալիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Շրի Լանկան և այլ երկրներ։

Այսօր աշխարհում տոնում են ինտերնետում խոսքի ազատությունը (Online Free Expression Day), որն առաջին անգամ անցկացվել է 2008-ին հենց «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության նախաձեռնությամբ։