Համաձայն Գրանթ Թորնթոնի վերջին հետազոտության` Եվրոպայում ղեկավար պաշտոններում ներգրավված կանանց թիվը կայուն աճ է գրանցում: Միանգամայն հակառակ իրավիճակ է զարգացող շուկաներում,որտեղ նախկինում ավելի մեծ թվով կանայք են զբաղեցրել ղեկավար պաշտոններ, ինչի հետեւանքով համաշխարհային միջին ցուցանիշն այս տարի ընդամենը 21% է, որն աննշան կերպով գերազանցում է 2004 թ. ցուցանիշը:
Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (ՄԳԶ) տվյալներով Հայաստանում հարցված ընկերությունների կտրվածքով յուրաքանչյուր 3 ղեկավար պաշտոնից 1-ը կին է զբաղեցնում (38%), եւ առավել հաճախ սա վերաբերում է մարդկային ռեսուրսների գծով մենեջերների (27%) եւ ֆինանսական տնօրենների (25%) հաստիքներին: Չնայած գործազրկության աճին՝ Եվրոպայում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 24%՝ ինչը 4%-ով գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը:
Գրանթ Թորնթոնի Հանրային քաղաքականության եւ արտաքին կապերի բաժնի ղեկավար Էյփրիլ Մակքենզին մեկնաբանում է. «Եվրոպայի տարբեր երկրների իշխանություններ արդեն շատ տարիներ մտահոգվածեն կանանց զբաղվածության խնդրով:
Կառավարությունները բազմիցս են բարձրաձայնել պաշտոնների անհավասար բաշխման մասին եւ այսօր գրանցվող ուրախալի աճը նաեւ այս թեմայի հանդեպ ցուցաբերված ուշադրության արդյունքն է:
Այդուհանդերձ, իսկապես մտահոգիչ է այն կայուն անկումը, որ գրանցվում է զարգացող երկրներում: Անհանգստացնում է այն, որ անընդմեջ նվազող այս ցուցանիշը կարող է հանգեցնել կանանց ոչ լիարժեքներկայացվածության ղեկավար օղակներում ամբողջ աշխարհի կտրվածքով»:
Բազմաթիվ մշակութային, տնտեսական եւ սոցիալական արգելքներ խոչընդոտում են կանանց մասնագիտական վերելքը, սակայն զարգացող երկրների տնտեսությունների արագ աճը, որը հանգեցրեց ոչ պակաս սրընթաց ուրբանիզացիայի, նույնպես կարող է հանդիսանալ ղեկավար պաշտոններում կանանց թվի նվազման պատճառ:
Էյփրիլ Մակքենզին մեկնաբանում է. «Ուրբանիզացիան փոփոխության ենթարկեց ավանդական բազմանդամ ընտանիքների մոդելը: Նախկինում կանայք կարող էին աշխատել, քանի որ երեխաների խնամքը վստահում էին ընտանիքի տարեց անդամներին: Այժմ այս մոդելին փոխարինելու է գալիս «արեւմտյան ոճի» ընտանիքը, որտեղ ծնողն ինքն է հոգում երեխայի խնամքը, կամ ստիպված է լինում դիմել մանկական խնամքի թանկարժեք ծառայությունների:
Եվ չնայած նրան, որ ուրբանիզիան ավելի շատ ու լայն հնարավորություններ է ընձեռում մարդկանց, այդ թվում նաեւ կանանց, այն միեւնույն ժամանակ մեծ մարտահրավերներ է նետում ընտանիքներին, եւ առավել խրթին դարձնում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու կանանց ճանապարհը: Զարգացող շուկաների կառավարություններն ու գործարարները պետք է քայլեր ձեռնարկեն այս անկումը կանգնեցնելու համար: Հարկավոր է նախաձեռնել հանրային քննարկում, որի արդյունքում կմշակվենկանանց զբաղվածությունը հնարավոր դարձնող եւ խթանող քաղաքականություններ»:
Որպես այս բացասական միտումը շտկող միջոց, ՄԳԶ-ն առաջարկում է դիտարկել ճկուն աշխատանքային ժամերի ներմուծման սխեման: Ներկայումս, Եվրոմիության հարցված ընկերությունների գրեթե 2/3-իցավելին (65%), որտեղ կանանց թիվը ղեկավար պաշտոններում շարունակում է աճել, կիրառում է ճկուն աշխատանքային ժամերի մոտեցումը: Այս ցուցանիշը կտրուկ տարբերվում է Հայաստանում գրանցվածցուցանիշից, որտեղ հարցված գործարարների 59%-ը պատասխանել է, որ նման պրակտիկա իրենց ընկերություններում չի կիրառվում:






