Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է մենատերերից խլել նրանց շահույթի 95 տոկոսը՝ անբարեխիղճ մրցակցությունը պատժելու համար: «Անբարեխիղճ մրցակցության համար տուգանքը հասնում է ընդամենը 300 մլրդ դրամի: Պետք է այդ շահույթին ամբողջությամբ տիրել, որն առաջացել է մենաշնորհային գործունեության արդյունքում»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՏՄՊՊՀ այսօրվա որոշումը բենզինի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Սիթի Փեթրոլ Գրուփ» ընկերությանը 100 մլն դրամով տուգանելու մասին:
Նրա խոսքով, այս դեպքում մենատերերն ուղղակի կսնանկանան և ստիպված կլինեն դուրս գալ շուկայից: Հրանտ Բագրատյանն անընդունելի է համարում, որ Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեղերի շուկայում նման տեմպերով է աճել: «Սամվել Ալեքսանյանն այն գործարար չէ, որ կկերակրի այս երկիրը, պետք է դադարեցնել դա»,- ասել է նա և հավելել, որ նրա կողմից ստեղծված բիզնեսն աշխատում է մրցակցությունից դուրս, որի հաշվին Հայաստանում դեղերը երեք անգամ ավելի թանկ են, քան Եվրոպայում:






