Իրաքի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակների միջեւ զուգադրության անցկացումն այնքան էլ ճիշտ չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը` պատասխանելով Բաքվում այն հարցին, թե կարո՞ղ է իրաքյան պատերազմը դառնալ նախադեպ` ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման համար: Իր միտքը դեսպանը բացատրել է նրանով, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն, եւ երկու կողմերը հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման կողմ: Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագետը կասկած է հայտնել Իրաքից հայ փախստականների Լեռնային Ղարաբաղում տեղավորման կապակցությամբ: Նրա խոսքերով` Իրաքից փախստականների ընդհանուր թիվը չի գերազանցում 6 հազարը, եւ նրանք հիմնականում ուղեւորվում են դեպի Սիրիա եւ Հորդանան: