Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր փորձն ու կարողությունները դեսպան Վի Սոն Լակը լավագույնս կօգտագործի Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու երկկողմ ցանկության մասին: Կարևորվել է հատկապես միջազգային կառույցներում, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ աշխատանքը: Կորեայի դեսպանն ուրախությամբ է փաստել, որ մեր երկիր է ժամանել Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում և հանձնառություն ունի շարունակելու և զարգացնելու այն ձեռքբերումները, որոնք բարեկամ երկու երկրներն ունեցել են անցած 20 տարիների ընթացքում:
Դեսպան Վի Սոն Լակը նշել է, հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ և բովանդակություն կհաղորդի նաև նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն:






