AM
15 Մարտ 2012 - 10:36 AMT

Չհայաֆիկացված Windows-ը խոչընդոտ է Հայաստանի մարզերի օգտագործողների համար

Մայքրոսոֆթի արտադրանքը միանշանակ հայաֆիկացնելու անհրաժեշտություն կա։ Կա օգտագործողների լայն շրջանակ, հատկապես կրթության ոլորտում։ Եվ բացի այդ Հայաստանի մարզերի օգտագործողներն ունեն լեզվական խնդիրներ, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակ։ Այս մտահոգությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերություն գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

Ըստ նրա, հայաֆիկացումը կրթական ոլորտում լուծում է երկու հարց. «Առաջին, թե ապագայում ինչ լեզու և ինչ տերմիններ կօգտագործվի, չէ՞ որ տերմինալոգիան արագ է կյանք է մտնում։ Օրինակ մի քանի տարի առաջ համացանց բառը դեռևս չկար օգտագործման մեջ։ Եվ երկրորդ՝ կրթական համակարգում հասկանալի տերմինների լայն օգտագործումն է»։

Գրիգոր Բարսեղյանը ընդգծեց, որ հայաֆիկացումը միանգամյա գործընթաց չէ, քանի որ ծրագրային փաթեթները մշտապես թարմացվում են, հետևաբար եզրույթներն էլ ավելանում են։

Խոսելով մարտի 16-ին կայանալիք Մայքրոսոֆթի արտադրանքի հայաֆիկացման թեմայով քննարկման մասին, որին մասնակցելու են լեզվի տեսչության և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրենը պարզաբանեց, որ նպատակ կա հայաֆիկացման գործընթացում ընգրկել նաև պետական կառույցներին և կազմակերպություններին։

«Մենք հայաֆիկացումը կատարում ենք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։ Սա պետք է դառնա սովորական՝ ստանդարտ»,-հավելեց նա։

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որքան գումարներ են ներդրվում և ներդրվել արտադրանքների հայաֆիկացման համար, Գրիգոր Բարսեղյանը հրաժարվեց պատասխանել, նշելով. «Հայաֆիկացված բոլոր ծրագրերը մշտապես հասանելի են Մայքրոսոֆթի կայքում՝ անվճար։ Սա մեր ներդրումներից մեկն է։ Թե որքան գումար է տրամադրվում այս գործընթացի համար, չեմ կարող նշել, քանի որ կոմերցիոն հարց է»։

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը վերջերս մեկնարկեց Windows 8 օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացը։ Մինչ այդ ընկերությունը պարբերաբար հայաֆիկացրել է իր ծրագրային ապահովման նախկին տարբերակները՝ Windows XP-ից մինչև Windows 7 և ծրագրային փաթեթներից՝ Office 2007-ը, 2010-ը, ուղղագրական ծրագրերը կամ բրաուզեր Internet Explorer-ը։

Հայաֆիկացման գործընթացը ընկերությունն իրականացնում է Biline ընկերության և Եվրասիայի ինկուբատոր հիմանդրամի համագործակցությամբ։ Այս ընկերությունը հայաֆիկացման գործընթացում ներգրավում են լավագույն մասնագետների, լեզվաբանների։

Հայաֆիկացմանը աջակցում են նաև սովորական օգտագործողները՝ այցելելով հատուկ ֆորումներ և առաջարկելով տերմինների իրենց տարբերակները կամ քվերակելով տերմինների համար։