AM
15 March 2012 - 11:00 AMT

Երևանի պոլիկլինիկաները դեռևս էմուլսիայի «հույսին են»

Հայտնի «Բժիշկ Հաուս» ֆիլմում կլինիկայի բժիշկները հիվանդին որևէ դեղ նշանակելիս կամ ախտորոշելիս, պարտադիր պետք է ուսումնասիրեն հիվանդի հիվանդության պատմությունը, հայերի ասած՝ «անկետան»։

Եվ այդ «անկետաները» բոլորն էլեկտրոնային են. ցանկացած նոր փաստաթուղթ, որը կցվում է հիվանդության պատմությանը, կրկին էլեկտրոնային տեսքով պահվում է համակարգում։ Իհարկե այս համակարգը միայն ֆիլմերում չէ, որ գործում է։

Տեխնոլոգիաների միջամտությամբ լի 21-րդ դարը եկել է թեթևացնելու ավելորդ թղթաբանությունը, ինչը չես ասի Երևանի պոլիկլինիկաների մասին։

Երևանի պոլիկլինիկաների ընդունարաններում առնվազն երեք-չորս մարդ աշխատում է անկետաների բաժնում։ Անկետաները դասակարգված են երկար խորհրդային շրջանի պահարաններում՝ ըստ հասցեների։ Հիվանդի անկետան գտնելու համար աշխատողը մեկ հասցեի կամ նույնիսկ տարեթվերի տակ դրված բոլոր անկետաների մեջ փնտրում է, մինչև գտնի իր ուզածը։

«Մշտապես այդ անկետաների բաժնում երկար սպասում ես, թե երբ քոնը կգտնեն, որ բարձրանաս բժշկիդ մոտ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց այցելուներից Լիլիթ Դանիելյանը։

Երևանի պոլիկլինիկաներից մեկի անկետաների բաժնի աշխատակցուհին հավանության չտվեց PanARMENIAN.Net-ի թղթակցի այն արտահայտությանը, թե «ինչքան լավ կլիներ, որ ձեր գործը հեշտացնեին ու էս ամենը լիներ էլեկտրոնային»։ Վերջինս նշեց. «Դե մի կողմից հեշտ կլինի, մյուս կողմից էլ վատ ա, մեզ աշխատանքից կհանեն, էլ այսքան մարդ պետք չի գա էս բաժնում։ Մենք էլ հո համակարգիչների հետ աշխատել չգիտենք»։

Պետք է նշել, որ անկետաները հնամաշ են՝ դեղնած թերթերով և ամբողջը լրացված։ Նոր գրառումներ ավելացնելու համար, բժիշկները սովորական տետրի թղթերը «սիրելի» էմուլսիայով սոսնձում են անկետային։

Սակայն սա ամենը չէ։ Ցավալին էլ այն է, որ եթե անգամ այդ անկետաները փորձեն թվայնացնել, ապա հարկավոր կլինեն հավանաբար մատենագիրներ՝ հասկանալու բժիշկների ձեռագրերը։

Ժամանակն է, որ պետությունը ուշադրություն դարձնի տեխնոլոգիաների ներդրմանը նման կարևոր առողջապահության ոլորտում՝ խնայելով թե՛ ռեսուրսները և թե՛ ժամանակը։ Իսկ թե երբ այդպես կլինի, պարզաբանումները կներկայացնենք շուտով։