AM
19 Մարտ 2012 - 09:15 AMT

Բրունո Լասերը բարձր է գնահատել օրենսդրական բարեփոխումները Հայաստանում

Հայաստանը չի հապաղել կյանքի կոչել վերջնական փաստաթղթի դրույթները, որոնք նախապատրաստվել էին ՄԱԿ-ի` առևտրի և զարգացման նպատակով մրցակցության ոլորտում օրենսդրության և քաղաքականության բարելավման կոնֆերանսի շրջանակներում: Այս մասին մարտի 19-ին Երևանում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը;

Ըստ նրա, դեռևս 2010թ Ֆրանսիայի Մրցակցային մարմնի հետ համագործակցության շրջանակներում, միջազգային փորձագետներն այցելել են Հայաստան, ծանոթացել երկրում մրցակցային խնդիրներին: Ինչից հետո այս թեմայով նախապատրաստվել է զեկույց և ներկայացվել քննարկման ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսին, իսկ քննարկման արդյունքում նախապատրաստվել է համապատասխան ամփոփագիր` «մրցակցության ոլորտում քաղաքականության և օրենսդրության ինքնակամ փորձագիտական դիտարկում. Հայաստան»: Կոնֆերանսը նախագահել է Ֆրանսիայի Մրցակցային մարմինը: «Մենք կյանքի ենք կոչել այդ ամփոփագրի դրույթները, օրենսդիր դաշտը վերանայվել է և համապատասխանեցվել միջազգային ստանդարտներին»,-ընդգծել է Շաբոյանը: Արդյունքում, ըստ նրա, ՏՄՊՊՀ-ին 2011-ին հաջողվել է 2010թ. համեմատ իրականացնել մինչև 200 որոշում` անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչը 7-8 անգամ ավելի է 2007-2009թթ համեմատ: Միաժամանակ, 2011թ տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 350 մլն դրամ` 2010-ի 50 մլնի համեմատ: Ավելին, 2011թ ՏՄՊՊՀ կողմից կայացված որոշումները դատարանի կողմից անվավեր չեն ճանաչվել:

Իր հերթին Բրունո Լասերը ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համատեղ ընկերությունների զգալի մասը վկայում է այն մասին, որ երկրների միջև առկա են սերտ կապեր: «Հուշագիրը կամրապնդի մեր հարաբերությունները և թույլ կտա ավելի արդյունավետ կերպով պայքարել մրցակցային դաշտում»,-հավելել է նա:

Մարտի 19-ին Երևանում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և Ֆրանսիայի Մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: