«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտնել է լրագրողներին, որ դուրս է գալիս կուսակցության կազմից: Նա բացատրել է դա անհամաձայնությամբ կուսակցության ընտրացուցակի հետ, որը երեկ է ներկայացվել: «Ցուցակն ամբողջությամբ անտրամաբանական է ու անարդար»,-ասել է Կարինե Հակոբյանը: Ըստ նրա, նա, որպես քարտուղար, կուսակցության երրորդ դեմքն է, պատասխանատու է նրա համար, «ինչն էլ պետք է արտահայտվեր ցուցակում»:
Մասնավորապես, Հակոբյանն անհամաձայնություն է հայտնել ցուցակում երիտասարդ ու անհայտ մարդկանց ընդգրկելու վերաբերյալ, և այն հանգամանքի առումով, որ այնպիսի փորձառու պատգամավորներ, ինչպիսիք են Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը, ավելի ցածր տեղեր են զբաղեցնում ցուցակում, քան նրանք: Նա հավելել է, որ շատերը կուսակցութունում դժգոհ են ցուցակից, սակայն, հաշվի առնելով, որ նրանք հայտնի են դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության» շնորհիվ, գերադասել են լռել: Նա ասել է, որ, օրինակ, Լարիսա Ալավերդյանը իր վերաբերմունքը հայտնում է նրանով, որ դուրս է գալիս նախընտրական պայքարից:
Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե ով է ձևակերպել ցուցակը, ապա Հակոբյանն ասել է, որ այն կազմել է անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա մերձավոր խորհրդականները: Հակոբյանը հայտարարել է նաև, որ միշտ մարտավարական ու ռազմավարական տարաձայնություններ է ունեցել այն քաղաքական պայքարի վերաբերյալ, որը վարում է կուսակցությունը, և նա միշտ միասնական քաղաքականության կողմնակից է եղել:
Հակոբյանն ասել է, որ դեռ չի որոշել, թե հատկապես ինչով է զբաղվելու հետագայում և համարում է իրեն ավելի շատ հասարակական գործիչ, քան քաղաքական: Նա չի բացառել, որ կարող է միանալ որևէ առողջ քաղաքական ուժի:
«Ժառանգության» նախկին քարտուղարը հիշեցրել է նաև այն արտահայտությունը, թե «ամեն ինչ կադրերն են որոշում» և հավելել է. «Կադրային քաղաքականությունը հասցրեց Հայաստանը այսօրվա վիճակին»:
Մարտի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպես նաև կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:
Ինչպես հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրեցին տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:
Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշադյանը, կուսակցությունն առայժմ չի մեկնաբանում, ինչու են ցուցակնորում առաջատար տեղ զբաղեցնում հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այլ ոչ թե գործող պատգամավորներ: Ըստ նրա, կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա երեքշաբթի:






