Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հաստատել է տեղեկություն այն մասին, որ կիրակի օրը Մոսկվայում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ շրջանառության մեջ դրված խոսակցությունների, Պուտինն ու Քոչարյանը քննարկել են ՀՀ ներքաղաքական հարցեր: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչպես է այդ հանդիպմանը վերաբերվում ՀՀԿ-ն, և ինչ է դա նշանակում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ամբողջ աշխարհում կա նման պրակտիկա, երբ պաշտոնաթող նախագահները հանդիպում են այս կամ այն պետության ղոկավարի հետ կամ որոշակի մասնակցություն է լինում այս կամ այն գործընթացին, դա նոր երևույթ չէ»: Շարմազանովը մի քանի նման օրինակներ է բերել և հավելել. «Սովորական ենք վերաբերվում, դա տարածված պրակտիկա է, սովորական երևույթ է»: Այս ամենը չի՞ նշանակում արդյոք, որ Ռ. Քոչարյանն ուզում է վերադառնալ իշխանություն, Շարմազանովը պատասխանել է. «Կուզի, թե չի ուզի, այդ հարցը պետք է Ռ. Քոչարյանին ուղղեք, ՀՀԿ-ն նորմալ, հանգիստ, կազմակերպված գնում է ընտրական պայքարի՝ իր քաղաքական կոնկուրենտների հետ»:






