Ամենայն հավանականությամբ, «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության անդամներից որևէ մեկը չմասնակցի ապրիլի 2-5 Բաքվում կայանալիք լիագումար նիստին: «Ժողովուրդի» տեղեկություններով` կին պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանն ու Լիլիթ Գալստյանը, չեն մեկնի` անվտանգության նկատառումներից ելնելով: Թեև եվրոպացի դիվանագետները խոստացել էին այդ հարցը կազմակերպել հավուր պատշաճի:
Նաիրա Զոհրաբյանը, սակայն, թերթի հետ զրույցում իր չմեկնելը պատճառաբանել է նախընտրական շրջանի զբաղվածությամբ: Ինչ վերաբերում է պատվիրակության տղամարդ անդամներին, ապա ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանն ու Սաշիկ Սարգսյանը չեն մասնակցի մի քանի դրդապատճառով. նախ`նիստը կայանում է Բաքվում, ուստի երաշխավորված չէ նրանց անվտանգությունը, բացի այդ` ՀՀ-ում թեժ նախընտրական շրջան է: Հովհաննես Սահակյանը չի հերքել թերթի տեղեկությունները, բայց ասել է, որ իրենց չմասնակցելը դեռ վերջնական չէ:






